Սեպտեմբերի 4–6-ը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում տեղի է ունեցել Սարաևոյի անվտանգության 4-րդ համաժողովը (SSC 2026), որը «Ռազմավարության և քաղաքականության New Lines ինստիտուտի» կողմից կազմակերպվող Բալկանյան տարածաշրջանի անվտանգային կարևորագույն ֆորումներից է: «Եվրոպայի անվտանգության ապահովումը բաժանված աշխարհում» խորագրով միջազգային համաժողովը միավորել էր արտաքին քաղաքականության առաջատար փորձագետների, պաշտպանական ոլորտի ներկայացուցիչների և դիվանագետների:

Հանրային կապերի ու տեղեկատվության կենտրոնի Միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ծառայության ղեկավար Ջոնի Մելիքյանը որպես բանախոս մասնակցել է համաժողովին: Նա ելույթ է ունեցել Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոնի (GCSP) հետ համատեղ կազմակերպված «Ստեղծարար դիմակայունություն. աշխարհաքաղաքական մանևրման դասերը Եվրոպայի արևելյան սահմաններից» խորագրով հատուկ պանելային քննարկմանը։

Իր ելույթում ՀԿՏԿ-ի ներկայացուցիչը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական ռազմավարությունը՝ ընդգծելով «հավասարակշռված և հավասարակշռող» մոտեցման իրականացման կարևորությունը, որի նպատակն է կանխարգելել տարածաշրջանային անհամաչափությունները և խուսափել ռազմավարական կախվածությունից: