Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը ունի աշխատանքային երկու հիմնական ուղղություն՝ վերլուծական և ստեղծագործական։

Ստեղծագործական ուղղությունը բաղկացած է հանրային կապերի բաժնից, ստեղծագործական խմբից և սփյուռքի բաժնից։ Հանրային կապերի բաժնի մասնագետները վարում են կառավարության պաշտոնական էջերը սոցիալական ցանցերում: 

Ստեղծագործական խումբն իրականացնում է ՀՀ վարչապետի, կառավարության, առանձին գերատեսչությունների գործունեության, արարողակարգային միջոցառումների լուսաբանում (ուղիղ հեռարձակման ապահովում, տեսանկարահանում, լուսանկարահանում, մոնտաժ, հրապարակում և տարածում)։ Կառավարության գործունեության վերաբերյալ որպես ամփոփում պատրաստվում են շաբաթական և ամսական կտրվածքով ռեպորտաժներ ու հարցազրույցներ, որոնք «Հրապարակում» հաղորդման շրջանակներում հեռարձակվում են հեռուստատեսությամբ և տարածվում են համացանցում։ Պատրաստվում և տարածվում են Կառավարության որոշումների, ծրագրերի և միջոցառումների, դրանց արդյունքների վերաբերյալ իրազեկող ֆոտոշարքեր, ինֆոգրաֆիկաներ, անիմացիոն հոլովակներ։ Հանրության շրջանում աշխատանքի, հայրենական արտադրության խրախուսման նպատակով իրականացվում է ֆիլմաշարերի նկարահանում՝ «Մեր ժամանակների հերոսը», «Ընտրի´ր հայկականը», «Արձակուրդը Հայաստանում»։

Սփյուռքի բաժինը «Հայերն այսօր» լրատվական հարթակի միջոցով արևելահայերենով և արևմտահայերենով լուսաբանում է սփյուռքահայերի և հայրենադարձների գործունեությունը, որոնց իրականացրած ծրագրերի արդյունքում ամրապնդվում է Հայաստան-Սփյուռք փոխադարձ կապը: 

Artboard 1_250x250
Yntrir Haykakany_for site
Ardzakurdy-hayastanum_for-site-1-250x250

Վերլուծական ուղղությունը բաղկացած է հետևյալ ծառայություններից՝ մոնիթորինգի և ներքաղաքական ուսումնասիրության ծառայություն, տնտեսական հետազոտությունների ծառայություն, միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ծառայություն, տարածաշրջանային քաղաքականության ուսումնասիրության ծառայություն,  «Օրբելի» վերլուծական խումբ, արխիվային նյութերի ուսումնասիրության ծառայություն։ Այս ուղղության մասնագետները համագործակցում են ավելի քան քառասուն պետական կառույցների հետ՝ տրամադրելով կատարված վերլուծական աշխատանքները, հեղինակում և հրապարակում են ոլորտային ուսումնասիրությւոններ և հետազոտություններ։
Մոնիթորինգի և ներքաղաքական ուսումնասիրության ծառայությունը և տնտեսական հետազոտությունների ծառայությունն  իրականացվում են հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի ամենօրյա օպերատիվ մշտադիտարկում, ինչի հիման վրա կազմվում են օրական ամփոփագրեր, թեմատիկ տեղեկանքներ և տրամադրվում շահագրգիռ մարմիններին։ Վարչապետի աշխատակազմը և այլ շահառու գերատեսչություններն օպերատիվ իրազեկվում են անվտանգային, ներքաղաքական, միջազգային, սոցիալ-տնտեսական և այլ թեմաներով հրատապ արձագանք պահանջող հարցերի մասին։ 

Տարածաշրջանային քաղաքականության ուսումնասիրության ծառայությունը և միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ծառայությունն իրականացնում են տարածաշրջանի բոլոր երկրների և միջազգային լրատվահոսքերի մշտադիտարկում, ամփոփում, վերլուծություն՝ արդյունքները տրամադրելով շահագրգիռ մարմիններին։

«Օրբելի» վերլուծական կենտրոնի շրջանակներում իրականացվում են արդիական թեմաների շուրջ անվտանգային, սոցիալ-տնտեսական, ներքաղաքական, տարածաշրջանային, միջազգային ուղղվածության հետազոտություններ, պատրաստվում են վերլուծական նյութեր։ Նույն հարթակի միջոցով ծավալվում է համագործակցություն արտասահմանյան պետական և ոչ պետական «ուղեղային կենտրոնների» հետ (ՌԴ, Իրան, Վրաստան, ԵՄ երկրներ), կազմակերպվում են միջազգային համաժողովներ, քննարկումներ, համատեղ հետազոտություններ և հրապարակումներ։ Համագործակցության միջոցով միջազգային հանրությանը ներկայացվում է Հայաստանի դիրքորոշումները առաջնային կարևորության հարցերի առնչությամբ։

Արխիվային նյութերի ուսումնասիրության ծառայությունն իրականացվում է փաստագրման և արխիվացման աշխատանքներ՝ կապված հայ-ադրբեջանական հակամարտության դրսևորումների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների արձանագրման հետ։  Փաստագրված նյութերի հիման վրա իրականացվում է խորհրդատվություն (ՀՀ Ազգային ժողով, ՀՀ Անվտանգության խորհուրդ, ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբ, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ, ՀՀ ՄԻՊ գրասենյակ և այլն), պատրաստվում են փաստագրական ֆիլմեր, հոդվածներ և այլ նյութեր։