Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը ՀՀ Կառավարության այլ մարմիններից և պետական կառույցներից զատ տարբեր ուղղություններով ակտիվ համագործակցություն և երկխոսություն է ծավալում հայաստանյան և միջազգային մի շարք կազմակերպությունների, կենտրոնների հետ։

Հայաստանյան գործընկերների շրջանակը ներառում է կրթական և գիտական հաստատություններ, բուհեր, վերլուծական-հետազոտական կենտրոններ, զանգվածային լրատվության միջոցներ, հասարակական կազմակերպություններ և այլն։

Կրթական և գիտական հաստատություններից ակտիվ համագործակցություն է առկա Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի, Ռուս-հայկական համալսարանի, ՀՀ ԳԱԱ-ի հետ։ Փոխգործակցության շրջանակը ներառում է տարաբնույթ համաժողովներ, թեմատիկ քննարկումներ, կադրային բազայի համալրում, փորձի փոխանակում, ուսանողների պրակտիկայի կազմակերպում և այլն։

Կենտրոնն ակտիվ երկխոսություն է ծավալում հայաստանյան հասարակական և այլ կազմակերպությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, «Դեպի Հայք» (Birthright Armenia) հիմնադրամը, Միջազգային Հանրապետական Ինստիտուտը (International Republican Institute) և այլն։ Փոխգործակցությունը ներառում է համատեղ նախագծերի իրականացում, փորձագետների վերապատրաստում և այլ ոլորտներ։

Կենտրոնը համագործակցում է երկու տասնյակից ավելի հանրապետական և մարզային սփռվածության հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների հետ, մի շարք տեղական լրատվական գործակալությունների և կայքերի հետ՝ ներառյալ Հանրային հեռուստաընկերությունը, Հանրային ռադիոն, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը։ Համագործակցության շրջանակը ներառում է հանրային կարևորության տեղեկատվության փոխանակում, միջոցառումների լուսաբանում, փորձագիտական կարծիքների ապահովում և այլ ոլորտներ։

Կենտրոնի միջազգային համագործակցության շրջանակը ևս ընդգրկուն է։ Գործընկերային կապերն առավել ակտիվ են տեղեկատվական, հետազոտական-վերլուծական կենտրոնների հետ։ Մասնավորապես ակտիվ համագործակցություն է առկա տարածաշրջանային ուղեղային այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահի աշխատակազմի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, ԻԻՀ ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնը, Իրան-Եվրասիա հետազոտությունների ինստիտուտը, Տարածաշրջանային հետազոտությունների իրանական ասոցիացիան, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտը (ИМИ), Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքականության կենտրոնը, Ռազմավարական և Միջազգային Հետազոտությունների վրացական հիմնադրամը և այլն։ Համագործակցության ոլորտներն են համաժողովների և քննարկումների կազմակերպումն ու մասնակցությունը, համատեղ ուսումնասիրությունների իրականացումը և այլն։