Ապրիլի 11–ին «Օրբելի» կենտրոնը կազմակերպել էր «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից՝ իրականություն» խորագրով համաժողովը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղեկալ Վահան Կոստանյանը, ՀԿՏԿ տնօրեն Գոռ Ծառուկյանը, ցուցադրվեց Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարասալիայի տեսաուղերձը: Որպես համաժողովի պատվավոր հյուր ելույթ ունեցավ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով իր խոսքում ընդգծեց Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական համագործակցության հետագա հեռանկարները բացահայտելու գործում փորձագիտական համայնքների դերակատարության կարևորումը ՀՀ կառավարության կողմից:

Միջոցառման ընթացքում հայ և վրացի փորձագետները, լսարանի ակտիվ ներգրավվածությամբ, քննարկել են հայ-վրացական համագործակցության տարբեր շերտերը՝ երկկողմ հարաբերությունների նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակում, անդրադարձել աշխարհաքաղաքական արդի իրողությունների ազդեցությամբ նաև մեր տարածաշրջանում առաջացած նոր մարտահրավերներին և հնարավորություններին, առաջարկել համագործակցության նոր ոլորտների և նոր ձևաչափերի վերաբերյալ սցենարներ, առանձնահատուկ կերպով կարևորել են երկու երկրներում ժողովրդավարացման գործընթացի շարունակականությունն ու եվրոպական ինտեգրման ճանապարհը։

Հայաստան-Վրաստան հարաբերություններում փորձագիտական համագործակցության այս բացառիկ ձևաչափը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև մասնագիտական, հասարակական, լրատվական լայն շրջանակներում։

Փորձագիտական միջոցառումը եռօրյա է։ Ապրիլի 10-ին վրացի փորձագետները հանդիպումներ են ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկվել են երկկողմ օրակարգային բազմոլորտ հարցեր: Համաժողովի երրորդ օրը ծրագրված են մշակութային բնույթի միջոցառումներ։

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.