«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2008 թ․ նոյեմբերի 6-ին և ներառվել է ՀՀ նախագահի աշխատակազմում։ ՀՀ Կառավարության 2017 թ․ դեկտեմբերի 9-ի որոշմամբ՝ ՀՀ Կառավարության «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը միացվել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՀՀ-ում խորհրդարանական կառավարման համակարգին անցումից հետո վերակազմավորված «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը սկսել է գործել Կառավարության կազմում, ապա՝ Վարչապետի աշխատակազմում։
Կենտրոնի գործունեության գլխավոր նպատակն է ապահովել ՀՀ հասարակության լիարժեք իրազեկվածությունը Կառավարության գործունեության, մյուս կողմից՝ Կառավարության և պետական գերատեսչությունների տեղեկացվածությունը հասարակության համար կարևոր և օրակարգային հարցերի վերաբերյալ։ Բացի այդ, կենտրոնի գործունեության նպատակներից է ՀՀ Կառավարության քաղաքականության, դիրքորոշումների շուրջ միջազգային հանրության իրազեկվածության բարձրացումը։
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հիմնական գործառույթներն են․
- ՀՀ Վարչապետի, Կառավարության, առանձին գերատեսչությունների գործունեության, արարողակարգային միջոցառումների լուսաբանումը։
- Կառավարության որոշումների, ծրագրերի, բարեփոխումների, կարևոր օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաև միջոցառումների, դրանց արդյունքների վերաբերյալ հանրության իրազեկումը։
- Հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում լրատվահոսքերի օպերատիվ մշտադիտարկումը։ Մշտադիտարկման հիման վրա հավաքագրված և մշակված տեղեկատվության և հասարակական-քաղաքագիտական վերլուծությունների տրամադրումը Կառավարությանն ու շահագրգիռ մարմիններին։
- Ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում պաշտոնական տեղեկատվության մշակման ու տարածման միջոցառումների համակարգումը։
- Հայաստանյան հանրության շրջանում հայրենական արտադրության խրախուսման, ՀՀ-սփյուռք կապերի ամրապնդմանը նպաստող տեղեկատվական գործողությունների իրականացումը։
- Արտասահմանյան պետական և ոչ պետական վերլուծական, տեղեկատվական կենտրոնների, անկախ փորձագետների հետ համագործակցության ծավալումը։
- Միջազգային համաժողովների, քննարկումների, սեմինարների, միջոցառումների կազմակերպումը։
- Հայաստանյան և միջազգային հանրությանը ՀՀ-ի համար առաջնային հարցերի շուրջ Կառավարության քաղաքականության և դիրքորոշումների ներկայացումը։
- Հայ-ադրբեջանական հարաբերությունների և հակամարտության դրսևորումների համատեքստում փաստագրման և արխիվացման աշխատանքների իրականացումը։
- ՀՀ պետական շահերը վնասող տեղեկատվական քարոզչությանը հակազդումը։
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնն այս գործառույթներն իրականացնում է իր ստորաբաժանումների միջոցով, որոնց աշխատանքները երկու պայմանական ուղղությամբ են՝ վերլուծական և ստեղծագործական։ Կենտրոնի ստորաբաժանումային կառուցվածքի մասին տե՛ս կայքի գլխավոր էջում։
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն 2026