«Խաղաղության խաչմերուկի թվային ապագան» կլոր-սեղան քննարկման առաջին պանելը նվիրված էր արհեստական բանականության կիրառման հնարավորություններին, խելացի ենթակառուցվածքների զարգացմանը, թվային կրթությանը և բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը, ինչպես նաև պետական, մասնավոր ու ակադեմիական հատվածների համագործակցությանը։

Որպես բանախոսներ հանդես են եկել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի փոխնախագահ Անահիտ Պարզյանը, «Լումիվերս» զորացնող էկոհամակարգի կրթության նախագծող և AI ուսուցիչ Էլլա Մանուկյանը,  «Լումիվերս» զորացնող էկոհամակարգի կրթական ծրագրերի ղեկավար և AI փորձագետ Արշակ Ուլուբաբյանը,  Հնդկաստանի Վիվեկանանդա միջազգային հիմնադրամի ավագ գիտաշխատող Սուդիր Սաքսենան,  ՀԱՊՀ Մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը։

Անահիտ Պարզյանն անդրադարձել է արհեստական բանականության՝ արտադրողականության վրա ունեցած ազդեցությանը։ Նրա դիտարկմամբ՝ ընթացիկ փոխակերպումը յուրահատուկ է մարդկության պատմության մեջ, քանի որ, ի տարբերություն նախորդ արդյունաբերական հեղափոխությունների, որտեղ փոխակերպման առարկան ապրանքն էր, այս դեպքում առանցքային ռեսուրսը մարդկային ինտելեկտն է։ Պարզյանի խոսքով՝ արհեստական բանականությունը փոքր պետություններին տալիս է «մուտքի տոմս», որը նախկինում նրանց համար անհասանելի էր, այն թույլ է տալիս մասշտաբավորել մարդկային արտադրողականությունը և երկիրը դիրքավորել ոչ միայն որպես սպառող, այլև որպես արտադրող։

Պարզյանի գնահատմամբ՝ խոշոր մոդելների ստեղծման համաշխարհային մրցավազքին միանալը Հայաստանի համար նպատակահարմար չէ, քանի որ այդ ոլորտում ԱՄՆ-ի և Չինաստանի հետ մրցելն այլևս իրատեսական չէ։ Փոխարենը նա առանձնացրել է երկու ուղղություն՝ գործակալական արհեստական բանականությունը (agentic AI) և ֆիզիկական արհեստական բանականությունը (physical AI).

«Մեկ մասնագետը կարող է բազմապատկել իր արդյունքը արհեստական բանականության գործակալների միջոցով։ Փոքր և միջին ձեռնարկատիրությունը կարող է շահել այս փոփոխությունից, որովհետև այսօր արդեն հնարավոր է ստեղծել բազմաֆունկցիոնալ, արդյունավետ կառավարվող բիզնես մոդել՝ քիչ թվով աշխատակիցներով»,- ընդգծել է Պարզյանը։

Ֆիզիկական արհեստական բանականության պարագայում, ըստ Պարզյանի, տեխնոլոգիան էկրաններից դուրս է գալիս դեպի ֆիզիկական աշխարհ՝ արտադրական հոսքագծերի, ռոբոտների և սենսորային համակարգերի միջոցով, ինչի արդյունքում մարզային փոքր արտադրողը կարող է մոտենալ համաշխարհային ապրանքանիշերի որակի մակարդակին։

Էլլա Մանուկյանը խոսել է կրթական համակարգի վերափոխման անհրաժեշտության մասին։ Նրա դիտարկմամբ՝ տեխնոլոգիաները փոխվում են արագ, մինչդեռ կրթական ծրագրերը թարմացվում են տարիներով, և ավանդական համակարգը շարունակում է պատրաստել հանձնարարություն կատարողների, մինչդեռ այսօրվա աշխարհին անհրաժեշտ են որոշում կայացնողներ և խնդիր լուծողներ.

«Այսօրվա մարդուն պետք է ոչ թե այն օբյեկտիվ գիտելիքը, որը մեր կրթական համակարգը հաճախ տալիս է։ Այդ գիտելիքն այլևս այն սրբազանությունը չունի, ինչ ունեցել է առաջ. ժամանակին այն տաճարներում էր, հետո՝ գրադարաններում, իսկ այսօր բոլորս ունենք գիտելիք ստանալու նույն հնարավորությունը՝ լինենք Հայաստանում, թե Սիլիկոնյան հովտում»,- շեշտել է Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով՝ անհրաժեշտ է նախ Հայաստանում իրականացնել կրթության տրանսֆորմացիան, ապա Հայաստանը դարձնել կրթություն արտահանող երկիր։

Արշակ Ուլուբաբյանը ներկայացրել է աշխատանքի բնույթի փոփոխությունը։ Նրա գնահատմամբ՝ եթե նախկինում միլիոնավոր մարդիկ նեղ մասնագիտություն էին ձեռք բերում և ամբողջ կյանքում կատարում հանձնարարություններ, ապա այսօր այդ հանձնարարություններն արհեստական բանականությունն անում է շատ ավելի արագ, և մարդու դերը տեղափոխվում է դեպի խնդրի ձևակերպումն ու որոշումների կայացումը։ Այս փոփոխությունը, ըստ նրա, առաջին հերթին ազդում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա, ինչը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն.

«Հայաստանի ՏՏ ոլորտի մոտ 60 տոկոսն աութսորս ընկերություններ են, որոնք բավարարում են արտաքին շուկաների կարիքները՝ ըստ էության ծրագրավորման առաջադրանքներ կատարելով։ Այսօր ոլորտում աշխատում է մոտ 60 000 մարդ, որից մոտ 25 000-ը ծրագրավորողներ են։ Սա մեր պետության ռազմավարական նշանակություն ունեցող, ամենախոշոր հարկատու սեկտորն է, և այդ սեկտորը հիմա ռիսկի տակ է»,- ընդգծել է Ուլուբաբյանը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ կազմակերպությունները պետք է արագ տրանսֆորմացվեն՝ վերապատրաստելով աշխատակիցներին, բացահայտելով կրկնվող գործընթացները և դրանք ավտոմատացնելով գործակալների միջոցով, որպեսզի մարդու ժամանակն ազատվի ստեղծագործ աշխատանքի համար։

Սուդիր Սաքսենան անդրադարձել է արհեստական բանականության զարգացման հետ կապված համակարգային ռիսկերին։ Նա նշել է, որ տվյալների կենտրոնների էներգասպառումն արդեն իսկ լուրջ մարտահրավեր է, 2023 թվականին ԱՄՆ-ում տվյալների կենտրոնների վրա ծախսվում էր էներգիայի մոտ 1,2-2 տոկոսը, իսկ 2028 թվականի կանխատեսումներով այդ ցուցանիշը կարող է հասնել երկրի էներգետիկ բյուջեի մոտ 12 տոկոսին։

Փորձագետը զուգահեռ է անցկացրել կիբեռանվտանգության հետ, 1980-1990-ական թվականներին համակարգիչների տարածման ընթացքում անվտանգության հարցերին ուշադրություն չի դարձվել, և երբ 2000-ականներին ոլորտն արթնացավ, տեխնոլոգիան արդեն զարգացել էր որոշակի ուղղությամբ, ուստի անվտանգությունն ավելացվեց «փաթաթանի» տեսքով.

«Իմ հիմնական շեշտադրումն այն է, որ մենք չպետք է նույնը կրկնենք արհեստական բանականության պարագայում։ Այս հեղափոխության հենց սկզբում մենք արդեն գիտենք այն խնդիրները, որոնք կապված են արհեստական բանականության հետ, և պետք է դրանք հաշվի առնենք հիմա»,- նշել է Սաքսենան։

Ըստ նրա՝ ոլորտի հարցերի մեծ մասը հանգում է օպտիմալացմանը, որը վերաբերում է տեխնոլոգիական շղթայի յուրաքանչյուր օղակին՝ պրոցեսորներից և ցանցերից մինչև տվյալների կենտրոններ, օպերացիոն համակարգեր ու կիրառական ծրագրեր, մինչդեռ մշակողները, որպես կանոն, չեն սկսում օպտիմալացումից։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը ներկայացրել է բուհական կրթության ուղղությամբ տարվող աշխատանքները։ Նրա խոսքով՝ համալսարանի 2026-2031 թվականների ռազմավարությունը նախատեսում է այնպիսի ինժեներների պատրաստում, ովքեր տարբեր մասնագիտությունների շրջանակում կտիրապետեն արհեստական բանականության գործիքներին. համապատասխան բաղադրիչը պարտադիր է դառնալու մի շարք կրթական ծրագրերում։ Նրա դիտարկմամբ՝ եթե նախկինում ոլորտի աճը դիտարկվում էր աշխատողների թվի ավելացման հաշվին, ապա այսօր շեշտադրումը պետք է լինի մեկ աշխատողի հաշվով արտադրողականության աճի վրա, քանի որ Հայաստանը չի կարող մրցել քանակով։

Բանախոսը կարևորել է գիտահետազոտական կենտրոնների դերը և տեղեկացրել համալսարանում արհեստական բանականության ուղղությամբ նոր կառույցի ձևավորման մասին, որը սպասարկելու է տարբեր ոլորտներ և կենտրոնանալու է շուկային մոտ, կիրառական պրոդուկտների վրա.

«Մենք միշտ խոսում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի բիզնեսը խնդիրներ բերի համալսարան, և համալսարանները կարողանան իսկապես լուծել նաև բիզնեսում առկա խնդիրները։ Միգուցե դա այնքան էլ գիտական չլինի, բայց պրոդուկտներն այնպիսին են, որ համալսարանին հնարավորություն են տալիս ավելի ուղիղ լինել տնտեսության մեջ»,- հայտնել է Էլբակյանը։

Քննարկման երկրորդ մասում  Անահիտ Պարզյանն անդրադարձել է Հայաստանում առկա խոչընդոտներին և արդեն իսկ գործող նախագծերին։ Նրա դիտարկմամբ՝ ցանկացած ինդուստրիալ փոփոխություն դժվար է իրականացնել, քանի որ ընկալումների ու վարքագծի փոփոխությունը ժամանակ է պահանջում։ Միաժամանակ, ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ արհեստական բանականությունը բոլոր հմտություններից ամենաարագ և ամենահեշտ յուրացվողն է.

«Գեներատիվ արհեստական բանականությունը կարելի է համարել ամենամատչելի, ամենահասանելի և ամենաարագ յուրացվող հմտությունը։ Բայց դա վերջնակետ չէ։ Ամենակարևորն այդտեղ չկանգնելն է, որովհետև տնտեսական հեղափոխության համար գեներատիվ արհեստական բանականությունը ընդամենը գրագիտություն է»,- նշել է Պարզյանը։

Առանձին անդրադարձ է կատարվել դպրոցական կրթությանը։ Էլլա Մանուկյանի դիտարկմամբ՝ ավանդական դպրոցն աշակերտներին տալիս է արդեն լուծված խնդիրների մասերի բաժանված առաջադրանքներ, մինչդեռ այսօր անհրաժեշտ է, որ նրանք կարողանան ինքնուրույն ձևակերպել խնդիրները։ Այդ առումով նա դրական է գնահատել դպրոցների՝ նախագծային կրթության անցնելու վերաբերյալ կառավարության որոշումը։ Նա տեղեկացրել է նաև, որ «AI ուսուցիչ» ծրագրի շրջանակում արդեն մի քանի հազար ուսուցիչ պատրաստվել է.

«Սկզբում, երբ ChatGPT-ն դուրս եկավ, կրթական հաստատությունները խուճապի մեջ էին և սկսեցին արգելել։ Հիմա աշխարհն արդեն փոքր տարիքից սկսում է սովորեցնել, թե ինչպես արդյունավետ օգտագործել։ Չինաստանում բոլոր դասարանների համար արհեստական բանականության ուսուցումը պարտադիր է դարձել, Արաբական Միացյալ Էմիրություններում այն սովորեցնում են չորս տարեկանից, իսկ ամերիկյան առաջատար համալսարաններն անվճար հասանելիություն են տրամադրել ուսանողներին։ Արգելելը ռիսկերից պաշտպանվելու միջոց չէ. լավագույն միջոցը գործիքը ճանաչելն է»,- հայտնել է Մանուկյանը։

Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ արհեստական բանականության ոլորտում Հայաստանի մրցունակությունը պայմանավորված է ոչ թե մոդելների ստեղծման համաշխարհային մրցավազքին մասնակցությամբ, այլ դրանց կիրառելիությամբ՝ մեկ մարդու ստեղծած արժեքի մասշտաբավորման և արտադրական հոսքագծերի փոխակերպման միջոցով, ինչպես նաև կրթական համակարգի հիմնարար վերափոխմամբ և պետություն-մասնավոր հատված-ակադեմիա համագործակցության խորացմամբ։