Սեպտեմբերի 2-ին Երևանում կայացել է  Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի և «Օրբելի» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան. արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով կլոր-սեղան քննարկումը, որը նվիրված էր «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային և էներգետիկ բաղադրիչներին։ Միջոցառումը համախմբել էր պետական կառավարման, փորձագիտական, կրթական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։ Բացման ելույթով հանդես է եկել նաև «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը։

Գոռ Ծառուկյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իր բոլոր բաղադրիչներով։ Նրա խոսքով՝ հայկական ընկերությունների, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ակտիվ քայլերի շնորհիվ գաղափարն արդեն իսկ վերածվում է իրական ներդրումների ու նախագծերի, իսկ պետական պաշտոնյաների, փորձագիտական շրջանակների և մասնավոր ընկերությունների ներգրավմամբ նման քննարկումները կարևոր են միասնական տեսլականի հստակեցման և կողմնորոշման տեսանկյունից։

Միքայել Յալանուզյանը ներկայացրել է  կենտրոնի կողմից վաղ գարնանից մեկնարկած ծրագիրը, որը իրականացվում է  Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ և միտված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հանրայնացմանն ու զարգացմանը։ Նրա դիտարկմամբ՝ ենթակառուցվածքների մասին խոսելիս սովորաբար անդրադարձ է կատարվում երկաթուղուն և ավտոճանապարհներին, մինչդեռ այսօրվա աշխարհում դժվար է պատկերացնել խոշոր հաղորդակցային նախաձեռնություն, որը չունի էներգետիկ և թվային բաղադրիչ։

Քննարկման առաջին մասի որպես գլխավոր բանախոսներ հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների զարգացման բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը։

Բանախոսներն անդրադարձել են թվային ոլորտում և արհեստական բանականության ուղղությամբ արձանագրված ձեռքբերումներին, թվային հաղորդակցության դիվերսիֆիկացմանը, էներգետիկ ռազմավարության իրականացմանը, էլեկտրաէներգիայի աճող պահանջարկին և տարածաշրջանային էներգետիկ փոխկապակցվածության հեռանկարներին։

Գևորգ Մանթաշյանը, ներկայացնելով թվային ոլորտի զարգացման ուղղությամբ արձանագրված արդյունքները, ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, և որ այդ գործընթացի իրականացումն արդեն տեսանելի է։ Անդրադառնալով արհեստական բանականության գործարաններին՝ որպես հաշվողական մշակման վրա կենտրոնացած տվյալների կենտրոնների, նա նշել է, որ դրանք ուղիղ կախվածություն ունեն էլեկտրաէներգիայի մատակարարումից։

Ներկայացնելով պետական քաղաքականության գործիքակազմը՝ Մանթաշյանն անդրադարձել է «Արհեստական բանականության պարտեզ» կոնցեպտին։ Ըստ նրա՝ «պարտեզի» փոխաբերությունը վերաբերում է միջավայրաստեղծ աշխատանքին՝ կարգավորումներին, որոնք իրականացնում են ինչպես նախարարությունը, այնպես էլ այս տարվանից գործող՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անկախ կարգավորող հանձնաժողովը։ Մանթաշյանը տեղեկացրել է, որ կառավարությունը պայմանագիր է կնքել «պարտեզի» մասնակիցներից մեկի հետ, և առաջադեմ չիպերի վրա հիմնված հաշվողական ռեսուրսները մոտ ժամանակներս հասանելի կդառնան թե՛ կառավարությանը, թե՛ գիտահետազոտական խմբերին։ Նրա խոսքով՝ ոլորտի արտահանումը ևս շարունակաբար աճում է, իսկ բարձր տեխնոլոգիական ընկերությունների աջակցման՝ յոթ տարով սահմանված ծրագիրը շարունակում է գործել։

Մանթաշյանի խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանում լավ կապակցված երկրներից է, և որ նախարարությունը կապակցվածության հարցը դիտարկում է բազմաշերտ՝ գետնի տակ, գետնի վրա և ուղեծրում առկա ենթակառուցվածքների համատեքստում։ Անդրադառնալով նախորդ տարի Starlink-ին անհրաժեշտ հաճախականությունների տրամադրմանը և ընկերության՝ Հայաստանում օրինական գործունեություն ծավալելու հարցի կարգավորմանը՝ Մանթաշյանն ընդգծել է.

«Ըստ իրենց՝ մենք տարածաշրջանային ռեկորդակիր ենք այդ հարցի լուծման արագությամբ։ Պետք է նշեմ, որ առանց վարչապետի ուղիղ աջակցության հարցն այդքան արագ դժվար թե լուծվեր։ Starlink-ն արդեն իսկ դիմել է մեզ՝ Հայաստանում նոր սերնդի ծառայությունների հասանելիությունն ապահովելու վերաբերյալ։ Դա օրինակ է, որ մենք դիտարկվում ենք որպես շուկա, որտեղ նման ծառայությունների մատակարարման անհրաժեշտություն կա»։

Մանթաշյանի դիտարկմամբ՝ Հայաստանի տեղադիրքը հստակ առավելություն է տալիս, որպեսզի տարածաշրջանի գործընկերներն իրենց հաղորդակցային ենթակառուցվածքների կառուցման ընթացքում փոխգործակցեն Հայաստանի հետ։

Հովհաննես Աբրահամյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի վերջին տարիների զարգացումները։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականին ընդունված էներգետիկ ռազմավարությունն ընդգրկում է ոլորտի բոլոր բաղադրիչները՝ արտադրությունից մինչև հաղորդում և բաշխում, և որ ռազմավարությամբ նախանշված հաջորդ կարևորագույն քայլը էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացումն է՝ «մեկ գնորդ, մեկ վաճառող» սկզբունքից բազմաթիվ տնտեսվարողներով շուկային անցումը։ Աբրահամյանի խոսքով՝ առաջին խոշոր փոփոխությունը վերականգնվող էներգետիկայի բուռն զարգացումն էր. արդյունքում 2030 թվականի համար սահմանված՝ 1000 ՄՎտ արևային հզորության թիրախն արդեն գերազանցվել է 2025 թվականին.

«2018 թվականին մեր համակարգում ունեինք մոտավորապես 18-19 ՄՎտ արևային հզորություն, հիմա խոսում ենք 1200 ՄՎտ-ի մասին։ Սրան նպաստեցին Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորումները, բայց ավելի շատ նպաստեց այն, որ գները կտրուկ նվազեցին»։

Աբրահամյանի դիտարկմամբ՝ վերականգնվող էներգետիկայի արագ զարգացմանը հաջորդել է նոր մարտահրավերը՝ արհեստական բանականության գործարանների տեսքով խոշոր և կայուն սպառողների ի հայտ գալը, ինչը ցնցում է բերել համակարգին։ Նրա գնահատմամբ՝ քանի որ այդ զարգացումները կանխատեսելի չէին, համակարգը որոշակի առումով գտնվում է արտառոց կառավարման շրջանակներում.

«Մենք 2022 թվականին մոդելավորել ենք՝ վերցնելով տնտեսության բոլոր ճյուղերը և կազմելով նվազագույն ծախսումներով ծրագիր։ Հավաստիացնում եմ ձեզ, որ ոչ մի ակնարկ չի եղել, որ կարող ենք ունենալ նմանատիպ իրավիճակ», -ընդգծել է Աբրահամյանը։

Ըստ Աբրահամյանի՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հնարավորություն է տալիս բացել կապուղիները և էլեկտրահաղորդման գծերով միանալ այն հարևաններին, որոնց հետ Հայաստանը ներկայումս էներգետիկ կապ չունի։ Նա նշել է, որ Հայաստանը համեմատաբար փոքր սպառմամբ, սակայն արտադրության զգալի ծավալներով համակարգ ունի, ուստի փոխկապակցվածությունը թույլ կտա կառավարել ինչպես ավելցուկը, այնպես էլ պակասուրդի ռիսկերը։ Աբրահամյանի խոսքով՝  ներկայումս իրականացվում է երկու մեգա ծրագիր՝ Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծերը, որոնց բաղադրիչներ են նաև Վրաստանի սահմանին և Դդմաշենում կառուցվող ենթակայանները.

«Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը մոտավորապես 85% պատրաստվածություն ունի, և առաջիկա մեկ-երկու տարում նախատեսում ենք ծրագիրն ավարտել։ Ձգձգումները պայմանավորված են հայկական կողմից անկախ հանգամանքներով։ Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան գծին, ծրագիրը բաժանված է երեք լոտի, մրցույթներում ունենք որոշակի առաջընթաց և շուտով կթևակոխենք պայմանագրերի կնքման փուլ։ Կարծում եմ՝ մինչև 2031-33 թվականները ցանցն ամբողջությամբ պատրաստ կլինի շահագործման»։

Նա ընդգծել է, որ նպատակադրումը բոլոր հարևան երկրների հետ փոխկապակցվածություն ունենալն է, ինչը, ըստ նրա, կարող է ավելի հեշտ ուղղություն լինել, քան նոր հզորությունների կառուցումը։ Աբրահամյանը նշել է նաև, որ ներկայումս դիտարկվում է Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայան ունենալու տարբերակը, սակայն այդ քննարկումները գտնվում են  նախնական փուլում։

Կուտակիչ կայանների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Աբրահամյանը նշել է, որ օրենսդրական դաշտն արդեն պատրաստ է նոր տեխնոլոգիաների մուտքի համար, իսկ ներկայումս ընթանում է ենթաօրենսդրական ակտերի մշակումը, որից հետո կսկսվի կոնկրետ ծրագրերի իրականացումը։ Նրա խոսքով՝ պահեստավորման համակարգերի միջազգային գները տարեցտարի նվազում են, իսկ ոլորտի նկատմամբ ներդրումային հետաքրքրությունը մեծ է.

«Գրեթե բոլոր մայրցամաքներից սպասում են, որ մենք մեր ենթաօրենսդրական դաշտը իմի բերենք, կարգավորումները լինեն, որպեսզի գան և այստեղ նմանատիպ ծրագրեր իրականացնեն։ Կարծում եմ՝ մյուս տարի արդեն կունենանք տեսանելի, շոշափելի արդյունքներ»։

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի աճող պահանջարկին՝ Աբրահամյանը նշել է, որ բացի տվյալների կենտրոններից՝ սպառումն ավելանում է նաև էլեկտրական տրանսպորտի տարածման և ընդհանուր տնտեսական ակտիվության հաշվին։ Նրա դիտարկմամբ՝ առանցքային հարցն այն է, թե նոր հզորություններն ով է ստեղծելու՝ պետությո՞ւնը, թե՞ տնտեսվարողը, քանի որ պայմանական 250 կամ 400 ՄՎտ հզորության պահանջարկը մեկ տնտեսվարողի կողմից արտառոց հանգամանք է, որը պետությունից պահանջում է գնահատել նաև ներդրման ռիսկերը։

Դահլիճից հնչած հարցերը վերաբերել են արհեստական բանականության գործարանների՝ հայկական տնտեսության վրա ունեցած ազդեցությանը, ավելացված արժեքի ձևավորմանը, էներգետիկ համակարգի պատրաստվածությանը, ոլորտում կադրերի պատրաստմանը և հիդրոակումուլյացիոն կայանների կառուցման հեռանկարին։

Պատասխանելով այն դիտարկմանը, թե արհեստական բանականության գործարանները միջազգային արտադրական շղթայի մաս են և, հետևաբար, դրանց ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա մեծ չի լինի, Գևորգ Մանթաշյանը համաձայնել է, որ Հայաստանի տնտեսությունը գլոբալ տնտեսության համեմատաբար փոքր մաս է, սակայն ընդգծել է, որ ընկերությունները ռեզիդենտ են, եկամուտները հարկվում են Հայաստանում, մշակումների մի մասն իրականացվում է Հայաստանում գործող հետազոտական կենտրոններում, իսկ հաշվողական հզորությունների տեղակայումը ռեսուրսը հասանելի է դարձնում նաև տեղական տնտեսվարողներին։ Նա տեղեկացրել է, որ ներդրման առաջին փուլի ծավալը մոտ կես միլիարդ ԱՄՆ դոլար է, իսկ հաջորդ փուլերում խոսքը միլիարդների մասին է, ինչը մեծապես կախված է էներգետիկ համակարգի կարողություններից։ Մանթաշյանը հիշեցրել է նաև Վաշինգտոնի խաղաղության համաժողովի ընթացքում կնքված երկու հուշագրերի մասին՝ էներգետիկ համակարգի (այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորների) և արհեստական բանականության ու կիսահաղորդիչների վերաբերյալ։

Էներգետիկ համակարգի պատրաստվածության և պահանջարկի աճի տեմպերի անհամաչափության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Հովհաննես Աբրահամյանը նշել է, որ համակարգում առկա են եղել ռեզերվային հզորություններ, որոնք և օգտագործվել են, սակայն մի քանի տարի առաջ հնարավոր չէր կանխատեսել մեկ տնտեսվարողի կողմից նմանատիպ հզորությունների պահանջարկը։ Նրա խոսքով՝ ներկայումս թե՛ արտադրության, թե՛ նոր ենթակառուցվածքների մասով տեմպերը զգալիորեն արագացվում են, սակայն բոլոր մարտահրավերներին նախապես պատրաստ լինելը ենթադրում է ծախս, որը կարող է ազդել նաև սովորական սպառողների սակագների վրա։ Գևորգ Մանթաշյանն իր հերթին նշել է, որ էներգետիկան պլանավորվում է տասնամյակներ առաջ, մինչդեռ տեխնոլոգիական փոփոխություններն այսօր ընթանում են ավելի արագ, քան համակարգերի հարմարեցումը։

«Հայաստանի էներգետիկ նախաձեռնությունների կենտրոն»-ի տնօրեն Արթուր Ավետիսյանի՝ հիդրոակումուլյացիոն կայանների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանում այդ ուղղությամբ մի շարք ուսումնասիրություններ արդեն իրականացվել են, և երկիրն ունի լուրջ ներուժ։ Նրա խոսքով՝ հնչած արժեքային գնահատականները բարձր են եղել, սակայն նախարարության մասնագետների պնդմամբ՝ մի քանի անգամ ուռճացված։ Ներկայումս Համաշխարհային բանկի հետ իրականացվում է հաղորդման ցանցի համապարփակ ուսումնասիրություն.

«Այս տարբերակը մեր սեղանին դրված է և առկա է մեր ամենօրյա քննարկումներում։ Կասկած չունեմ, որ մոտ ապագայում այս տեխնոլոգիան նույնպես Հայաստանում կյանքի կկոչվի։ Եթե սովորական լիթիումային ակումուլյատորներն ունեն սահմանափակ կյանք, ապա հիդրոակումուլյացիոն կայանները՝ առնվազն կրկնակի ավելի»։

Քննարկման առաջին մասի ավարտին Օրբելի վերլուծական կենտրոնի համակարգող  Միքայել Յալանուզյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին նվիրված նոր կայքի՝ crossroadsofpeace.am-ի նախնական տարբերակը, որը պատրաստվել է Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ և գործելու է երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն։

Կայքի ամբողջական տարբերակը նախատեսվում է ներկայացնել դեկտեմբերին կայանալիք միջազգային կոնֆերանսի ժամանակ։

Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրացումը մեծապես պայմանավորված է թվային և էներգետիկ ենթակառուցվածքների զուգահեռ զարգացմամբ, իսկ էլեկտրաէներգիայի աճող պահանջարկին դիմակայելը և տարածաշրջանային էներգետիկ փոխկապակցվածության ապահովումը դառնում են օրակարգային առաջնահերթություններ։