Չինաստանի Յուննան նահանգի Կունմին քաղաքում մեկնարկել է Global South Media and Think Tank Forum 2025-ը, որին մասնակցում են տարբեր տարածաշրջանների 110 երկրների 500-ից ավելի պատվիրակներ` պաշտոնատար անձինք, գիտնականներ, լրատվական կառույցների և ուղեղային կենտրոնների ղեկավարներ ու փորձագետներ, լրագրողներ և գիտնականներ։
Հայաստանը ֆորումին ներկայացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ծառայության ղեկավար Ջոնի Մելիքյանը և «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը։
Համաժողովը համատեղ կազմակերպել են «Սինխուա» լրատվական գործակալությունը, Չինաստանի կոմունիստական կուսակցության Յուննանի նահանգային կոմիտեն և նշված նահանգի ժողովրդական կառավարությունը։
Որպես Չինաստանի ազգային լրատվական գործակալություն` «Սինխուա»-ն նպատակ ունի նմանատիպ նախաձեռնություններով ստեղծել ու ամուր հիմքերի վրա դնել Գլոբալ հարավի երկրների համատեղ հաղորդակցության գործընկերային ցանց, որի մեկնարկի մասին ազդարարվեց համաժողովի ընթացքում։ Ցանցը կարող է ներառել ավելի քան 1000 լրատվամիջոցների, վերլուծական կենտրոնների և այլ հաստատությունների՝ տարբեր տարածաշրջանների 95 երկրներից։
Համաժողովը նմանօրինակ միջազգային երկրորդ միջոցառումն է. անդրանիկ ֆորումն անցկացվել է 2024թ. նոյեմբերին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում։
Ֆորումի մասնակիցների համար կազմակերպված տուրերի միջոցով Յուննան նահանգը փորձում է հյուրերի համար բացահայտել իր արտադրական հզորությունները, զբոսաշրջային գրավչությունը, նորարարական կարողությունները և մարդկային պարզ ու մաքուր ջերմությունը։
