ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է 2008 թվականի նոյեմբերի 6-ին և ներառվել է ՀՀ նախագահի աշխատակազմում։ ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման համաձայն ՀՀ կառավարության «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է՝ միանալով նախագահի աշխատակազմի ՊՈԱԿ-ին։ Խորհրդարանական կառավարմանն անցնելուց հետո վերակազմավորված Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը սկսել է գործել ՀՀ կառավարության, իսկ այնուհետև ՀՀ վարչապետի աշխատակազմի ներքո։

Կատարել ուսումնասիրություններ հանրային կապերի, պետական կառույցների թափանցիկության, տեղեկատվության մատչելիության, տեղեկատվության հավաքման և տարածման գործընթացների վերաբերյալ,

Ուսումնասիրել հանրային կապերի և տեղեկատվության ոլորտում միջազգային փորձը և հանդես գալ նախաձեռնություններով՝ առաջարկություններ անել զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարելավման վերաբերյալ,

Ուսումնասիրել պետական քաղաքականության տեղեկատվական ապահովման, արդյունավետության, պետական մարմինների գործունեության թափանցիկությունը և առաջարկություններ ներկայացնել դրա բարձրացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ,

Ուսումնասիրել տեղեկատվական անվտանգության ոլորտին վերաբերող հարցերը,

Կազմակերպել քննարկումներ, սեմինարներ, կլոր սեղաններ, լսումներ և այլ միջոցառումներ,

Համագործակցել միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը նաև իրականացնում է հետևյալ գործունեությունը.

Հանրային կապերի և տեղեկատվության ոլորտներում ներքին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական անվտանգության վերաբերյալ վերլուծություններ և մշակումներ,

Զանգվածային լրատվության միջոցների վերաբերյալ ռազմավարական վերլուծություններ և մշակումներ,

ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների և նախագծերի մշակում՝ զանգվածային լրատվության միջոցների ուսումնասիրությունների հիման վրա,

Զանգվածային լրատվության միջոցների դիտարկումների հիման վրա սոցիալ-քաղաքական և տնտեսական վերլուծություններ և մշակումներ։