![]()
Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք։
«Մեր ժամանակների հերոսը» հաղորդաշարը պատրաստվում և իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից։ 2025 թվականի մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ են շնորհվել հաղորդման 13 մասնակիցներին՝ նրանց հանրօգուտ գործունեության, նախաձեռնողականության և հասարակական ազդեցության համար։
Մրցանակները հանձնել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ինչպես նաև «Մեր ժամանակների հերոսը 2024» մրցանակակիրներ Էդգար Աբրահամյանը, Ավետիս Եգանյանը և Գոհար Թադևոսյանը, Արմեն Մարտիրոսյանը։
Գլխավոր մրցանակի հանձնմանն ընդառաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ «Մեր ժամանակների հերոսը» նախաձեռնությունը տարեցտարի ավելի հստակ է ձևավորվում և կայանում, ինչը, նրա խոսքով, արտացոլում է նաև պետության զարգացման և հասարակական մտածողության ընթացքը։
Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել անհատի դերին և կարողություններին՝ ընդգծելով, որ պետական համակարգերի և որոշումների հիմքում ի վերջո կանգնած է անհատը և նրա ընտրությունը։
Նիկոլ Փաշինյանը հատուկ անդրադարձել է այն հանգամանքին, որ այս տարվա մրցանակաբաշխության շրջանակում զգալի էր կրթության ոլորտին վերաբերող նախաձեռնությունների թիվը։
Այդ համատեքստում նա կարևորել է կրթության ոլորտում նոր ծառայությունների և անհատական ձեռներեցության զարգացումը՝ այն դիտարկելով որպես պետական ռազմավարությունների բաղադրիչ։ Վարչապետը նշել է նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման և կրթական ծառայությունների համար նախատեսված սոցիալական կրեդիտների նշանակությունը։
Եզրափակելով իր խոսքը՝ վարչապետը շեշտել է նոր գաղափարների, կրթության և նախաձեռնողականության հանդեպ բաց լինելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այս տարվա գլխավոր մրցանակը առանձնահատուկ նշանակություն ունի իր համար։
«Մեր ժամանակների հերոսը» 2025 թվականի գլխավոր մրցանակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է «Բազումք» տիեզերագիտական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր, աստղագետ Ավետիք Գրիգորյանին։
















Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն 2026