Հոկտեմբերի 2-ին և 3-ին «Օրբելի» վերլուծական կենտրոնը կազմակերպել էր «Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրներն ու ռազմավարությունը» միջազգային գիտագործնական համաժողովը:

Համաժողովի ընթացքում Հայաստանից և արտասահմանից ժամանած փորձագետներն ու գիտնականներն անդրադարձան Հայաստանի ժողովրդագրական հիմնախնդիրներին:


ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի Բնակչության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացրեց ժողովրդագրական հիմնական վիճակագրական տվյալներ, ըստ որոնց, բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը  2019 հունվարի 1-ի դրությամբ հատել է 14%-ի սահմանը: Նա նշեց, որ 1991թ. համեմատությամբ բնակչության թիվը նվազել է 17-%-ով՝ հիմնականում բնակչության արտահոսքի հետևանքով:

Ըստ ՀՀ Տարածքային զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանի ներկայացրած տվյալների՝ անկախության հռչակումից հետո Հայաստանը կորցրել է 800 հազարից մինչև 1 միլիոն մարդ:

Ժողովրդագրական իրավիճակը բարելավելու համար, ՀՀ Վարչապետին կից Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը Հովհաննես Ալեքսանյանը կարևորեց հայրենադարձության գործոնը, որին խոչընդոտում են իրավական դաշտում առկա որոշ բացթողումները և  սոցիալ-տնտեսական իրավիճակը: Նա ներկայացրեց «Ներուժ» և «Օջախ» հայերի վերադարձի և հայրենիքում վերաինտեգրմանն ուղղված ծրագրերը։

Վրաստանի Իլիայի պետական համալսարանի ժողովրդագրության և սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն՝ սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավթանդիլ Սուլաբերիձեն, ներկայացրեց Վրաստանում դեպի Եվրոպա վիզաների ազատականացման ազդեցությունը ժողովրդագրական վիճակի վրա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանը շեշտեց, որ Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ գյուղական բնակավայրերում ծնելիության գումարային գործակիցն ավելի ցածր է, քան քաղաքներում: Նա ներկայացրեց Հայաստանում ծնելիության բարձրացմանն ուղղված երեխայի ծննդի և խնամքի նպաստի բարձրացման և երիտասարդ ընտանիքների հիպոթեկային վարկավորման ծրագրերը։

ՀՀ Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը նշեց, որ թեև Հայաստանում կնոջ պտղաբերության գործակիցը ցածր է՝ 1.57 է, սակայն կան որոշ դրական միտումներ, մասնավորապես, որ 1990թ.-ի համեմատ Հայաստանում մայրական մահացությունը նվազել է երկու անգամ, իսկ մանկական մահացությունը՝ չորս անգամ:

Վիեննայի ժողովրդագրության ինստիտուտի փորձագետ Թոմաս Սոբոտկան իր ելույթում նշեց, որ Հայաստանում ընտանիքները ցանկանում են ավելի շատ երեխա ունենալ, քան եվրոպական այլ երկրներում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ ՀՀ Կառավարությունը գիտակցում է, թե ինչ տնտեսական և այլ վտանգներ է պարունակում Հայաստանում արդեն 28 տարի ընթացող բնակչության ծերացումը, որը, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, շարունակվելու է մինչև 2050թ., որից հետո աստիճանաբար մեղմանալու է: Ըստ Ավանեսյանի՝ այսօր Հայաստանում առկա է 20-44 տարեկան մարդկանց բավականին մեծ կոհորտա, ովքեր 30 տարի հետո վերածվելու են թոշակառուների, իսկ բնակչության ծնելիության մակարդակը չի ապահովում հաջորդ կոհորտայի բավարար քանակ: Հետևաբար, խնդրի լուծումը Հայաստանում աշխատանքի արտադրողականության համակարգային բարձրացումն է:

ՌԴ Ուրալի դաշնային համալսարանի Հասարակական կառավարման և ձեռներեցության ինստիտուտի գիտության և նորարարության գծով փոխտնօրեն Աննա Բագիրովան անդրադարձավ Ռուսաստանի և Հայաստանի ժողովրդագրական խնդիրների նմանությանը։ Նա շեշտեց, որ ծնելիության բարձրացման հարցում շատ կարևոր նշանակություն ունի հասարակության շրջանում մայրության կարգավիճակի բարձրացումը և այդ ուղղությամբ անհրաժեշտ է ինֆորմացիոն, կրթական և մշակութային ռազմավարությունների մշակումը:

Համաժողովի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, ներկայացվեցին տարբեր գիտական, ուսումնական հաստատությունների թեմատիկ զեկույցները և ժողովրդագրական խնդիրների լուծման առաջարկներ: