Մարտի 28-ին տեղի ունեցավ  «Օրբելի» կենտրոնի (orbeli.am) կազմակերպած «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովը, որին մասնակցեցին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի և արտասահմանից հրավիրված փորձագետներ։

Համաժողովի պանելային քննարկումները ծավալվեցին 4 հիմնական թեմաների շուրջ՝ «Թավշյա հեղափոխություն՝ ինչո՞ւ և ինչպե՞ս։ Հայաստանի նոր իրականությունը», «Ուղեղային կենտրոնների դերը փոփոխվող աշխարհում և դրանց ազդեցությունը պետությունների զարգացման գործում», «Հետհեղափոխական Հայաստան. մարտահրավերներ և հնարավորություններ» և «Հայաստանի զարգացման տեսլականը»։

* * *

«Թավշյա հեղափոխություն՝ ինչո՞ւ և ինչպե՞ս։ Հայաաստանի նոր իրականությունը» պանելային քննարկման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձավ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին` ընդգծելով քաղաքացիական հասարակության և հանրության լայն շերտերի ներգրավման կարևորությունը։

«Կարնեգի հիմնադրամի» ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին իր ելույթում նշեց, որ 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների նախադրյալներն էին վերջին տարիներին ՀՀ-ում  քաղհասարակության գրանցած հաջողությունները, ինչպես նաև նախկին իշխանությունների բացթողումները։

Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Կոնստանտին Տասիցի ելույթը նվիրված էր Հայաստանի թավշյա հեղափոխության պատճառներին և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուս փորձագետների տարբեր ընկալումներին։

Օրբելի կենտրոնի փորձագետ Հրանտ Տեր-Աբրահամյանն  իր ելույթում դիտարկեց ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը, ոչ միայն ներքաղաքական, այլ նաև  համաշխարհային գործընթացների համատեքստում։ «2010-ական թվականներից իրավիճակը Հայաստանի շուրջ փոխվեց՝ Մերձավոր Արևելքի անկայունություն, Արևմուտքի և Ռուսաստանի միջև նոր սառը պատերազմ… Այս ամենը փոխեց միջավայրը Հայաստանի շուրջ և այդ պրոցեսները, թեկուզ անուղղակիորեն, չէին կարող չազդել։ Եվ մեր հեղափոխությունը և հետհեղափոխական իրավիճակը պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքսում»,- ասաց Տեր-Աբրահամյանը։

* * *

«Հետհեղափոխական Հայաստան. մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ընդգծեց տնտեսական աճի որակական կողմի կարևորությունը։ «Մենք չենք կարող ամեն ինչ արտադրել նույնքան լավ, որքան աշխարհն է արտադրում, մենք կարող ենք որոշ բաներ լավ արտադրել և դրանով ներկայանալ հարևան շուկաներում»,- իր խոսքում նշեց նախարարը։ Տ. Խաչատրյանի համոզմամբ  պետական քաղաքականությունը պետք է միտված լինի արդյունաբերության այնպիսի ճյուղերի զարգացմանը, որոնք ունեն արտահանման ներուժ և դրսի շուկաներում հաստատված մրցունակություն։

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների Վրացական հիմնադրամի ավագ գիտաշխատող Կախա Գոգոլաշվիլին  իր ելույթում նշեց, որ թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդի վստահությունը իշխող կուսակցության հանդեպ հնարավորություն է տալիս իշխանություններին բարեփոխումներ իրականացնել հարկային և մաքսային ոլորտներում, ինչպես նաև ոստիկանության և արդարադատության բնագավառներում։

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանըկարևորեց ՀՀ-ում հետհեղափոխական շրջանում կատարված համակարգային քայլերը՝ կոռուպցիայի էական նվազեցում, շուկայի ազատականացում, ինչպես նաև ներդրումների աճ։

Այլընտրանք վերլուծական կենտրոնի տնօրեն,  դոկտոր Թաթուլ Մանասերյանը անդրադարձավ ՀՀ զարգացման հենասյուներին՝ տնտեսական անվտանգությանը, մրցունակությանը և տնտեսական դիվանագիտությանը։

* * *

«Հայաստանի զարգացման տեսլականը» պանելային քննարկման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսեց Հայաստանի զարգացման քաղաքական ուղղությունների մասին, որոնց հիմքում ընկած է քաղաքացու և անհատի բարեկեցության տեսլականը։  «Մարդակենտրոն հանրային քաղաքականության բանաձևը մենք ամփոփում ենք մի պարզ ձևակերպման մեջ. և՛ մեր նախընտրական ծրագրում, և՛ մեր կառավարության ծրագրում խոսքը միշտ գնացել է ոչ թե տնտեսական աճի, որը իր հերթին շատ կարևոր է, այլ նաև մարդու բարեկեցության, իրական փոփոխությունների մասին», – նշեց Տ. Ավինյանը։ Փոխվարչապետը մանրամասն ներկայացրեց ներառական տնտեսական աճի մոդելը, որը միտված է հնարավորինս ապահովել մարդկանց մասնակցությունը տնտեսական գործընթացներին։  

ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն իր ելույթում  անդրադարձավ ՀՀ համաչափ զարգացման կարևորության խնդրին, որտեղ առանցքային նշանակություն ունի տեղական ժողովրդավարությունը։