Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի պատրաստած «44-օրյա պատերազմ. Վարձկաններ» ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը փաստական հարուստ նյութի, քննչական մարմինների տեղեկությունների, փորձագետների վերլուծությունների հիման վրա ներկայացնում է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմում Թուրքիայի ակտիվ աջակցության և մասնակցության, ինչպես նաև վերջիններիս կողմից զինյալ վարձկանների ներգրավման մասին:
Չնայած վերոնշյալ փաստի մասին ադրբեջանաթուրքական կողմի հերքումներին ու հակառակ պնդումներին, Ղարաբաղյան համակարտության գոտում սիրիացի ահաբեկիչների ներգրավման մասին պատերազմի ընթացքում քննադատական հայտարարություններ են արվել նաև միջազգային հանրության կողմից, հանձինս՝ այլ երկրների առաջնորդների, բարձրաստիճան պաշտոնյաների, հատուկ ծառայությունների:
2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանը սեփական զինված ուժերից բացի լայնորեն կիրառեց Թուրքիայի աջակցությամբ Արցախ և Ադրբեջան տեղափոխված վարձկանների։ Դեռևս Արցախյան առաջին պատերազմում՝ 1993-94թթ. ադրբեջանական բանակում, տարբեր տվյալներով, կռվել էին 1000-3000 աֆղանցի մոջահիդներ։ 2020թ.-ին մարտական գործողություններին մասնակցում էին հիմնականում սիրիացի վարձկաններ, որոնք Ադրբեջան էին տեղափոխվել նախքան պատերազմը։