Փետրվարի 1-ին տեղի է ունեցել «Կառավարության խոսնակների դպրոց» ծրագրի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Եռամյսա ծրագիրը ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ու ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվում է Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից։ Եռամսյա ծրագրի շրջանակներում ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները և հանրային կապերի պատասխանատուներն անցնելու են վերապատրաստման դասընթացների շարք, որը միտված է կառավարման ոլորտում հաղորդակցության մասնագիտական կարողությունների բարձրացմանը, պրոֆեսիոնալ մասնագետների շրջանակի ձևավորմանը, տարբեր իրադրություններում գործողությունների մշակված մեխանիզմների ներդրմանը։ Ծրագրի շարունակականության արդյունքում ակնկալվում է, որ այն նպաստելուէ  պետական համակարգում հանրային հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը։

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Արայիկ Հարությունյանը մեծապես կարևորել է հաղորդակցության և հանրային կապերի ուղղությամբ կառավարության ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ արդյունավետ և թիրախային հաղորդակցությունը կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հաջողության գրավականներից մեկն է: Այս առնչությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ի և ՄՀԻ-ի գործընկերներին՝ ՀՀ կառավարությանը ցուցաբերվող աջակցության համար:

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը տեղեկացրել է, որ պետական համակարգում հանրային հաղորդակցության որակի բարելավումը Հայաստանի Հանրապետության Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարության փաթեթի առաջնահերթություններից է՝ հույս հայտնելով, որ այն առաջիկայում կհաստատվի։

Ծրագրի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ժողովրդավարության, կառավարման և իրավունքի գերակայության ծրագրերի պատասխանատու Քելի Սթրիքլենդը և ՄՀԻ-ի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը։

 

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.