Մայիսի 3-ին տեղի ունեցավ «Կառավարության խոսնակների դպրոց» ծրագրի փակման արարողությունը: Եռամյսա ծրագիրը ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ու ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվեց Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից։

Ծրագրի մասնակիցներին ողջունեցին ՄՀԻ-ի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը, ՀԿՏԿ տնօրեն Գոռ Ծառուկյանը և Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը։

Ջեյմս Դե Ուիթը նշեց, որ ներկաների շնորհիվ հիանալի աշխատանք է կատարվում համապարփակ, անաչառ և օպերատիվ տեղեկատվության հասանելիությունն ապահովելու ուղղությամբ:
Նա կարևորեց նման տեսական և գործնական դասընթացների միջոցով միջազգային փորձի փոխանակումը՝ հատուկ շեշտադրում կատարելով հաղորդակցության նոր գործիքների և հարթակների, սոցիալական մեդիայի և հաղորդակցության ոչ ավանդական ուղիների վրա: Դե Ուիթը պատրաստակամություն հայտնեց աջակցել դպրոցի շրջանավարտներին իրենց կարողությունների հետագա զարգացման գործում՝ ամենամսյա վարպետության դասերի, կրթաթոշակների և այլ հնարավորությունների միջոցով:

Գոռ Ծառուկյանը նշեց, որ եռամսյա ծրագիրը ՀՀ նախարարությունների, պետական գերատեսչությունների հանրային կապերի պատասխանատուներին հանրային հաղորդակցության արդյունավետության բարձրացման ընդհանուր գաղափարի շուրջ համախմբող կարևոր հարթակ էր։ Նա արձանագրեց, որ ծրագիրը նպաստել է միջգերատեսչական կապերի ամրապնդմանը, միջանձնային ընկերական կապերի հաստատմանը, որն իր հերթին կօգնի հետագայում էլ ավելի արդյունավետ, օպերատիվ փոխգործակցությանը: Հաշվի առնելով համատեղ ծրագրի հաջողված փորձը՝ Գոռ Ծառուկյանը հավելեց, որ այս ձևաչափով համագործակցությունը ինստիտուցիոնալ մակարդակում կկրի շարունակական բնույթ:

Ծրագրի ղեկավար Աննա Նաղդալյանը ամփոփեց ծրագիրը՝ նշելով, որ դասընթացների և սիմուլյացիոն խաղերի շնորհիվ ոլորտի պատասխանատուները և հատկապես նոր կադրերն արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու հմտություններ ձեռք բերեցին։

Ողջույնի խոսքերին հաջորդեց վկայականների շնորհման արարողությունը։

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.