Հուլիսի 6-ին կայացավ Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարություն նախագծի հանրային ներկայացումը, որի ժամանակ բացման ելույթներով հանդես եկան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Ռազմավարությունը մշակվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ:

Սույն աշխատանքային փաստաթուղթը կոչված է համախմբելու պետության, քաղաքացիական հասարակության, մեդիա համայնքի,  մասնավոր հատվածի և քաղաքացիների ջանքերը՝ ապատեղեկատվության դեմ պայքարի գործում: Այն նախատեսում է հրատապ և անհետաձգելի գործողությունների համալիր Հայաստանի Հանրապետությունը, նրա ինստիտուտներին և քաղաքացիներին ապատեղեկատվությունից պաշտպանելու նպատակով։ Փաստաթուղթը սահմանում է ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները, այն է՝

 

  1. Հզորացնել ՀՀ ինստիտուտների կարողությունը՝ ապատեղեկատվությունը կանխելու, հայտնաբերելու, արձագանքելու և վերլուծելու նպատակով,
  2. Փոխգործակցության բարելավում և մասնավոր հատվածի մոբիլիզացիա,
  3. Բարձրացնել իրազեկումը և մեդիաազատությունների ու մեդիագրագիտության վերաբերյալ կրթության մակարդակը՝ ձևավորելով ապատեղեկատվության հանդեպ հանրային դիմակայություն:

Նախաձեռնության հետ կապված հաջորդ քայլը լինելու է աշխատանքային խմբի ձևավորումը՝ ապատեղեկատվության դեմ պայքարում բոլոր շահագրգիռ կողմերի միջև փոխգործակցություն ապահովելու նպատակով: Արդյունքում՝ համատեղ ջանքերով կլրամշակվի «Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը», որի կիրարկման համար կմշակվի նաև համապատասխան գործողությունների ճանապարհային քարտեզ:

Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը տե՛ս՝ http://www.foi.am

 

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.