Ղազախստանի նախագահի աշխատակազմի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հրավերով Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը և ՀԿՏԿ միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ծառայության ղեկավար Ջոնի Մելիքյանը մասնակցել են Աստանայում տեղի ունեցած «Միջին տերությունները համաշխարհային փոփոխվող կարգում» խորագրով Աստանայի միջազգային ֆորումին, որի շրջանակում երկու օրվա ընթացքում քննարկվել է միջին տերությունների դերը միջազգային հարաբերություններում։
Համաժողովի աշխատանքների երկրորդ օրը մասնակիցներին իր խոսքով դիմել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Երկօրյա համաժողովի շրջանակներում Գոռ Ծառուկյանը ու Ջոնի Մելիքյանը հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել մի շարք երկրների (Հնդկաստան, Չինաստան, Վրաստան, ՌԴ, Տաջիկստան, Ուզբեկստան, Թուրքիա, Ադրբեջան) ուղեղային կենտրոնների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականության ու տարածաշրջանային գործընթացներին առնչվող մի շարք հարցեր։
Ջոնի Մելիքյանը ելույթով հանդես է եկել «Կառուցելով կամուրջներ. առևտրային և տրանսպորտային առանցքային միջանքներ» պանելային քննարկման ընթացքում և խոսել է Միջին միջանցքի և ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին։