Loading

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը կնքեցին համագործակցության մասին հուշագիր։

Փաստաթղթի շրջանակում կողմերը կհամագործակցեն մասնագիտական-փորձագիտական աջակցության, խորհրդատվության տրամադրման, համատեղ միջոցառումների կազմակերպման և այլ նպատակներով:

Ինստիտուտի կողմից աջակցություն կցուցաբերվի ՀԿՏԿ-ի փորձագետներին արևելագիտության ոլորտում հետազոտական գործունեություն ծավալելու հարցում: Արևելագիտության ինստիտուտի երիտասարդ հետազոտողներին հնարավորություններ կընձեռնվեն՝ ներգրավվելու պետական տեղեկատվական քաղաքականության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներում:

Երկու կառույցները կմշակեն և կիրականացնեն համատեղ նախագծեր արդիական հարցերի շուրջ, կկազմակերպեն գիտաժողովներ, ֆորումներ, սեմինարներ, ամառային և ձմեռային դպրոցներ, կլոր սեղաններ ու վարպետաց դասեր։ Նախատեսվում է նաև երկկողմ աջակցություն գիտավերլուծական աշխատանքների հանրայնացման հարցում: