Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Կառավարության մամուլի խոսնակների դպրոցի շրջանակներում պետական մարմինների մամուլի քարտուղարների և հասարակայնության հետ կապերի մասնագետների համար կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով
դասընթացների մեկնարկը։

Ողջույնի խոսքով հանդես եկան Եվրասիայում Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային տնօրեն Ստիվեն Նիքսը, ՀՀ Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ռեբեկա ՈՒայթը, Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը։

Գոռ Ծառուկյանը նշեց Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ Կենտրոնի համագործակցության արդյունավետությունը, մասնավորապես՝ պետական ոլորտի հանրային կապերի պատասխանատուների համար դասընթացների կազմակերպման և վերապատրաստումների իրականացման առումով, որոնք հարթակ են հանդիսանում միջգերատեսչական կապերի ամրապնդման համար։ Նա ընդգծեց, որ նախաձեռնության շրջանակներում փորձարկվում են համագործակցության մեխանիզմներ, որոնք հետագայում նախատեսվում է հասցնել ինստիտուցիոնալ մակարդակի և փաստաթղթավորել՝ դարձնելով պետության ռազմավարական հաղորդակցության հիմքը։

Ծրագիրն իրականցվելու է Միջազգային հանրապետական ինստիտուտի, ԱՄՆ ՄԶԳ, Արդարադատության նախարարության, Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի համագործակցությամբ՝ հաշվի առնելով ՀՀ Վարչապետի` 2022 թվականի հուլիսի 18-ի 820-Լ որոշման՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022թ. Հաղորդակցման գործողությունների ծրագրի» 5-րդ կետը։

Մեկ ամիս տևողությամբ ծրագիրը բաղկացած է լինելու սիմուլյացիոն խաղերից, թեմատիկ դասընթացներից և վերապատրաստումներից, որոնք հնարավորություն են ընձեռելու բարձրացնել կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության մասին գիտելիքները և էլ ավելի ամրապնդել պետական գերատեսչությունների կարողությունները` համակարգելու հաղորդակցությունը կոռուպցիայի հետ կապված ճգնաժամային իրավիճակներում և չեզոքացնելու գերատեսչության հետ կապված ապատեղեկատվությունը:

Ծրագրի շրջանակներում հատուկ վերապատրաստում է նախատեսված նաև այն բանախոսների համար, ովքեր կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունը ներկայացնելու են հանրությանը կամ կոռուպցիոն ճգնաժամի դեպքում հանդես են գալու որպես գերատեսչության բանախոսներ:

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.