Դիլիջանում շարունակվեց «Հայաստան–Վրաստան ռազմավարական գործընկերություն․ համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովը, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից։ Այն դարձել է ավանդույթ՝ միտված խորացնելու երկու երկրների բարեկամությունը, փոխադարձ ճանաչողությունն ու փորձի փոխանակումը թե՛ փորձագիտական, թե՛ հասարակական շրջանակներում։
Համաժողովի երկրորդ օրվա աշխատանքներին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն։ Առցանց ձևաչափով համաժողովին մասնակցել է նաև Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։
Արայիկ Հարությունյանը, ողջունելով մասնակիցներին, մասնավորապես նշեց․
«Թվում է, թե մենք հազարամյակներով շփվել ենք միմյանց հետ, բայցևայնպես միմյանցից դեռ շատ սովորելու և գիտելիք ձեռք բերելու բան կա։ Մեր հարաբերությունները զարգացման նոր մակարդակի վրա են, և փոխվստահության բարձր մակարդակը խթանում է գործընկերային համագործակցությունը»։
Փոխարտգործնախարար Դարսալիան իր ելույթում ընդգծել է. «Վերջին տարիներին մենք ձեռնարկել ենք կոնկրետ քայլեր, որոնք մեզ ակտիվ համագործակցությունից տեղափոխել են ռազմավարական գործընկերության մակարդակ: Մենք ունենք քաղաքական երկխոսության, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության և փոխադարձ աջակցության ամենաբարձր մակարդակը: Մի շարք առումներով իրականացվում են կոնկրետ ռազմավարությունից բխող չափելի ու շոշափելի գործողություններ, որոնք մեր գործընկերությունը տանում են դեպի ընդհանուր առաջնորդություն»:
Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն էլ իր խոսքում հետևյալ շեշտադրումբ է արել.
«Մենք շատ կողմ ենք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը բացում է կապուղիները, առևտրային ու էներգետիկ ճանապարհները տարածաշրջանում։ Իսկապես մենք արդեն պետք է իրագործենք տևական խաղաղությունը տարածաշրջանում»։
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը, անդրադառնալով համաժողովի նշանակությանը, շեշտեց, որ նման հարթակները ստեղծում են բաց ու անկեղծ քննարկումների հնարավորություն՝ դեպի շարունակական ու վստահելի գործընկերություն։ Նրա խոսքով, մեզ չէ՞ որ անհրաժեշտ է չկենտրոնանալ միայն հեռավոր դերակատարների վրա, այլ նաև բարեփոխել անմիջական հարևանների հետ փորձագիտական ու հասարակական կապերն ու փոխճանաչողությունը։
Համաժողովի շրջանակում անցկացվել են պանելային քննարկումներ, որտեղ փորձագետներն ու ոլորտային մասնագետները քննարկեցին հայ–վրացական հարաբերությունների զարգացման դինամիկան, տնտեսական համագործակցության հնարավորությունները, տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերը, ինչպես նաև կրթական ու մշակութային փոխանակման հեռանկարները։ Կարևորվել է նաև լրատվամիջոցների և երիտասարդների միջև փոխճանաչողության ամրապնդումը։ Ծավալված անկեղծ քննարկումների ընթացքում հայ և վրացի փորձագետները նաև վեր են հանել երկու երկրների միջև ժամանակ առ ժամանակ ծագող խնդիրներին` ներկայացնելով հնարավոր լուծումների առարկայական առաջարկներ։
Նման հարթակների առկայությունը, մասնակիցների համոզմամբ, նպաստում է երկու երկրների միջև համագործակցության խորացմանը և տարածաշրջանային կայունության և ներառականության ապահովմանը։
Հայ-վրացական եռօրյա համաժողով. Ողջույնի խոսք. Գոռ Ծառոկյան, Լաշա Դարսալիա
Պանելային քննարկում N1 | Հայ-վրացական հարաբերություններ. ռազմավարական օրակարգի ձևավորում
Պանելային քննարկում N2 | Նոր աշխարհաքաղաքական իրողություններ և տարածաշրջանային համագործակցություն
Կլոր սեղան — քննարկում | Հայաստանն ու Վրաստանն այսօր. ներկա իրավիճակը և միտումները