Փետրվարի 8-ին Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ կայացավ «Բաց և մասնակցային կառավարման օրակարգը Հայաստանում» խորագրով միջոցառում, որի նպատակն էր գնահատել «ԲԿԳ Հայաստան 2022-2024թթ գործողությունների ծրագրի» արդյունքները, մշակել ռազմավարական առաջարկներ, ինչպես նաև ներկայացնել գնահատման արդյունքների և առաջարկությունների վերաբերյալ հաշվետվությունը։ Միջոցառմանը ներկա էին ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԲԿԳ Արևելյան գործընկերության ղեկավար Պիտեր Վարգան, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին:
Իր ողջույնի խոսքում Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ընդգծեց, որ ԲԿԳ-ի նպատակն է կառուցել ժողովրդավարության ավելի լավ մոդել՝ խարսխված բաց կառավարման արժեհամակարգի՝ թափանցիկության, հաշվետվողականության, հանրային մասնակցության և ընդգրկման հիմքի վրա: Այս հարցում նա կարևորեց ՔՀԿ սեկտորի դերակատարումը:
Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, ով շնորհանդեսի տեսքով ներկայացրեց կառույցի կողմից ստանձնած հանձնառությունները, այն է՝ «ՀՀ կառավարության տեղեկատվական քաղաքականության և հաղորդակցության մոդելի բարեփոխումների նախագիծ»-ը և «Ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություն 2023-2025թթ»: Նրա կողմից մատնանշվեցին մշակված փաստաթղթերի նպատակները, առկա խնդիրները և ակնկալվող արդյունքները և ՔՀԿ սեկտորի և միջազգային դոնորների հետ հնարավոր փոխգործակցության ուղղությունները: Նա կարևորեց հանրային հաղորդակցության ոլորտում ռազմավարական մոտեցման դերը և ներկայացված երկու փաթեթների իրականացման գործում պետություն- մասնավոր սեկտոր- միջազգային գործընկերների ջանքերի մեկտեղումը և միմյանց փոխլրացնող աշխատանքների իրականացումը:
Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում։
2023-02-09
Comments are closed, but trackbacks and pingbacks are open.