Նոյեմբերի 5-7-ը կայացավ ՀԿՏԿ «Օրբելի» կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. Համագործակցություն և հեռանկարներ» խորագիրը կրող փորձագիտական եռօրյա աշխատաժողովը։

Աշխատաժողովի շրջանակներում Իրանի առաջատար ուղեղային կենտրոնների, լրատվական գործակալությունների ներկայացուցիչներին Երևանում ընդունեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանն ու Քրիստինե Ղալեչյանը։ Հանդիպումների ընթացքում իրանցի մասնագետներին ներկայացվել են ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունները, Հայաստան-Իրան համագործակցության զարգացման ընթացքը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում։ Մանրամասներ են ներկայացվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա հեռանկարների վերաբերյալ։ ՀՀ պաշտոնյաները պատասխանել են իրանցի մասնագետներին հետաքրքրող հարցերին։

Ծրագրի երկրորդ օրն իրանցի մասնագետներն օդային ճանապարհով ժամանել են ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաք։ Քաջարան քաղաքում նրանք շրջայց են կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ ծանոթացել են կոմբինատի արդյունաբերական ողջ ցիկլին, շրջել բացահանքում, հանքաքարի խոշոր ջարդման տեղամասում։ Շրջայցի ողջ ընթացքում հյուրերն ականատես են եղել հանքի շահագործման տեխնիկական ու անվտանգային բարձր չափանիշներին։ Այնուհետև իրանցի մասնագետներն այցելել են «Հյուսիս-հարավ» ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինհրապարակ, ծանոթացել նաև իրանական ընկերությունների կողմից իրականացվող աշխատանքներին։

Միջոցառման երրորդ օրը տեղի է ունեցել բուն փորձագիտական աշխատաժողովը։ Բացման խոսքով հանդես է եկել ՀԿՏԿ տնօրեն Գոռ Ծառուկյանը։ Կարևորելով հայ-իրանական հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում՝ Ծառուկյանն ընդգծել է հատկապես երկու երկրների փորձագիտական, վերլուծական և լրատվական շրջանակների միջև հաստատված կապերի խորացման, փոխշփումների շարունակականության ապահովման նշանակությունը։ Շեշտել է, որ նման միջոցառումները մեծ դեր են խաղում այդ գործում՝ ապահովելով նաև երկկողմ ճանաչողության բարձրացումը։

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Հայ և իրանցի մասնագետները ներկայացրել և համակողմանիորեն քննարկել են աշխարհաքաղաքական ներկա իրողությունների պայմաններում ՀՀ տարածաշրջայնացման և ԻԻՀ հարևանության քաղաքականությունները, տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա ազդող գործոնները, ՀՀ-ԻԻՀ տնտեսական համագործակցության և ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները։ Անդրադարձ են կատարել հայ-իրանական պատմամշակութային կապերին, երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից լրատվական, ժողովրդական դիվանագիտության նշանակությանը և այլ կարևոր հարցերի։

Աշխատաժողովի աշխատանքների ամփոփումից հետո իրանցի հյուրերը Կապանում ծանոթացել են նաև ՀՀ պետական լրատվական գործակալության՝ «Արմենպրես»֊ի արխիվային լուսանկարների ցուցադրությանը՝ «Դարի վավերագրություն» խորագրով։