Հանրային լրագրության ակումբը Մամուլի ազատության համաշխարհային օրը նշանավորել է ապատեղեկատվության և քարոզչության դիմակայությանը նվիրված միջազգային համաժողովի անցկացմամբ։ «Պայքար ապատեղեկատվության և քարոզչության դեմ․ երկխոսություն դրանց դիմակայության ռազմավարությունների շուրջ Հայաստանում և դրա սահմաններից դուրս» խորագրով համաժողովը, որը մայիսի 4-ին համախմբել էր պետական կառույցների, դեսպանատների, քաղհասարակության, ԶԼՄ-ների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, հայաստանյան և միջազգային փորձագետների, անցկացվել է ՀԼԱ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»  ՊՈԱԿ-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Համաժողովի ավելի քան 80 մասնակիցներ հնարավորություն են ունեցել քննարկելու ապատեղեկատվության մարտահրավերները, քարոզչական ժամանակակից մեթոդներն ու նոր տեխնոլոգիաների ազդեցությունը մանիպուլյացիաների ու քարոզչության սփռման գործում ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային զարգացումների համատեքստում։ Համաժողովի բացման խոսքում, ողջունելով միջոցառման մասնակիցներին, Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը կարևորել է, որ այն անցկացվում էր Մամուլի ազատության համաշխարհային օրվա համատեքստում և անդրադարձել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության ինդեքս 2023» զեկույցին, որի համաձայն՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերն ու 51-ից հայտնվել 49-րդ հորիզոնականում։

Սեդա Մուրադյանի խոսքով՝ Հայաստանում ապատեղեկատվության դեմ պայքարում մարտահրավերներից է մեդիագրագիտության ցածր մակարդակը։ «Այս առումով Հայաստանում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում թե պետության, թե քաղաքացիական հասարակության կողմից»,- շեշտել է ՀԼԱ նախագահը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Լադիսլավ Բերանեկը կարևորել է, որ ԱՄՆ դեսպանատունը հնարավորություն ունի աջակցելու նմանատիպ միջոցառումների կազմակերպմանը, որոնք համախմբում են լրագրողների, պետական պաշտոնյաների, տարբեր ոլորտների փորձագետների լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև փոխգործակցություն ծավալելու համար, որպեսզի հասարակությունը զինված լինի ապատեղեկատվության և քարոզչության դեմ պայքարի գիտելիքներով և գործիքներով։

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը նշել է, որ ապատեղեկատվությունը մեր օրերի գլխավոր արհավիրքներից է և ժողովրդավարության դեմ գլխավոր սպառնալիքներից։ Ըստ նրա՝ լրատվամիջոցների, քաղհասարակության և
Կառավարության համատեղ ջանքերով է հնարավոր հասնել հաջողության։ «Կառավարության տեսլականի գլխավոր մեխերը երեքն են՝ Կառավարության հաղորդակցության կարողությունների ամրապնդում և բարելավում, ապատեղեկատվության դեմ պայքարում քաղհասարակության և միջազգային գործընկերների հետ համագործակցության ինտենսիվացում և հասարակության մեդիագրագիտության բարձրացում։ Մեր կառույցը և Վարչապետի ողջ աշխատակազմը կարևորում է այս ոլորտում մասնավոր հատվածի և քաղհասարակության հետ համագործակցությունը»,- շեշտել է Գոռ Ծառուկյանը։

Համաժողովի պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել 2020 թվականից հետո քաղված դասերին, ավտոմատացված քարոզչությանը և թվային ապատեղեկատվության զարգացած գործիքակազմին ու դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցներին։ Համաժողովը նաև հնարավորություն է տվել փոխանակելու ամերիկյան և հայկական փորձագիտական համայնքների փորձը կեղծ լուրերին և ապատեղեկատվությանը հակազդելու գործում, ինչպես նաև խթանելու այդ համայնքների
միջև ավելի ամուր կապերի ստեղծումը։

Միջազգային փորձագետներ՝ Քարդիֆի համալսարանի պրոֆեսոր Մարտին Իննեսը և Գերմանական «Մարշալ» հիմնադրամի ներկայացուցիչ Բրեթ Շաֆերն անդրադարձել են ապատեղեկատվության դեմ պայքարին համաշխարհային զարգացումների համատեքստում` ընդգծելով, որ ապատեղեկատվությունը փոխակերպվում է նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց։ Նրանք ընդգծել են բաց արհեստական բանականության ChatGPT հարթակի տարածվածությունը, խոսել COVID-19-ի համատեքստում ապատեղեկատվության սփռման մասին։ Համաժողովի ընթացքում հայաստանյան փորձագետները նշել են, որ պետք է լրատվամիջոցների շրջանում մրցակցություն լինի ճշմարտության տարածման հարցում, շեշտակի բարելավվի ուղիղ հաղորդակցությունը պաշտոնական շրջանակների և հանրության միջև, որպեսզի հնարավոր չլինի կեղծ լուրերի տարածումը, նաև փաստերի ստուգումը պետք է ավելի օպերատիվ դարձնել։ Նրանք համակարծիք են եղել, որ հերքումն ավելի քիչ է հիշվում, քան բուն կեղծ լուրը։ Համաժողովի շրջանակում ներկայացվել են նաև տեղեկություններ ստուգելիս և ապատեղեկատվության հետ աշխատելիս մեդիա աշխատողների կարիքները վեր հանող, ինչպես նաև ՏիկՏոկի հայալեզու տիրույթում ապատեղեկատվության տարածման վերաբերյալ հետազոտությունների արդյունքները, որոնք կատարվել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից։ Միջոցառմանը ներկայացվել է նաև նորաստեղծ Բաց աղբյուրների հարթակը (www.osp.am), որի նպատակն է խթանել որակյալ և փաստահեն մեդիա բովանդակության ստեղծումը՝ լրագրողական համայնքի համար հասանելիություն ապահովելով հիմնական տեղեկատվական բազաներին ու բաց աղբյուրների հարթակներին և հեշտացնելով նրանց աշխատանքը փաստերի ստուգման ճանապարհին։ Ներկայացվել է նաև ծրագրի շրջանակում փաստերի ստուգման միջազգային InVID հարթակի հայերեն թարգմանության
աշխատանքների ընթացքը։

 

 

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.